Հեղինակ՝ Մհեր Իսրայելյան /Ժողովրդավարությանն անցնելու և ժողովրդավորության կայացման խնդիրները/ գրքի վերլուծություն

Գրքի վերլուծություն

Հեղինակ՝ Մհեր Իսրայելյան

Ժողովրդավարությանն անցնելու և ժողովրդավորության կայացման խնդիրները.

( գրքի հեղինակ՝ Խուան Լինց, Ալֆրեդ Ստեփան )

Խուան Լինցի և Ալֆրեդ Ստեփանի « Ժողովրդավարությանն անցնելու և ժողովրդա-վարության կայացման խնդիրները. Հարավային Եվրոպա, Հարավային Ամերիկա և Հետկոմունիստական Եվրոպայում » գիրքը լույս է տեսել ԱՄՆ-ում 1996 թ-ին:

Խուան Լինցը ամերիկացի քաղաքագետ, Յելի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր է եղել: Հեղինակել է տոտալիտար (բռնապետական) և ավտորիտար քաղաքական ռեժիմների վերաբերյալ մի շարք աշխատություններ: Իր աշխատություններում անդրադարձել է նաև դեմոկրատացման (ժողովրդավարացման) հիմնական ձևերին:
Ալֆրեդ Ստեփանը եղել է պետական կառավարման պրոֆեսոր Օքսֆորդի համալսարանում:

Ինչո՞ւ որոշեցի ընթերցել այս գիրքը
Վերջին ժամանակահատվածում հետաքրքրվում եմ քաղաքականությամբ, շատ եմ հանդիպում ժողովրդավար (պետություն, ղեկավար), ժողովրդավարություն բառերին և ընդհանուր պատկերացում կազմելու համար, թե ինչ է ժողովրդավարությունը, ինչքանով է արդիական ժամանակակից աշխարհում և ինչքանով այն կապ ունի Հայաստանի հետ, որոշեցի կարդալ այս գիրքը:

Ի՞նչը հետաքրքրեց և ինչքանով է այն կապված Հայաստանի Հանրապետության հետ 
Ինձ հետաքրքրեց վերնագրում նշված տարածքները (Հարավային Եվրոպա, Հարավային Ամերիկա, Հետկոմունիստական Եվրոպա), թե ինչպես է տեղի ունեցել ժողովրդավարության անցումը և ինչ նշանակություն է ունեցել այդ երկրների հետագա զարգացման վրա: Գրքում նշված երկրների օրինակներից պարզ դարձավ, որ ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում անկախացումը, հեղափոխությունը, ընտրությունները կարևոր նշանակություն ունեն ժողովրդավարության համար, բայց բավարար պայմաններ չեն ժողովրդավարության կայացման համար: Վերջին երկու տարիների ցուցանիշներով Հայաստանը « Ժողովրդավարական ինդեքսում » հայտնվել է « հիբրիդային ռեժիմներ » ցանկում՝ զբաղեցնելով 86-րդ տեղը (առաջատարն է տարածաշրջանում):

Ի՞նչ տվեց այս գիրքը 
Այս գիրքը հնարավորություն տվեց ծանոթանալ աշխարհում տեղի ունեցող վարչակարգերի փոփոխություններին XX-րդ դարում, պատկերացում կազմել, թե ինչ է ժողովրդավարությունը, ինչ խնդիրներ կարող են առաջանալ ժողովրդավարության անցման և կայացման ժամանակ, ծանոթանալ տարբեր երկրներում տեղի ունեցող ներքին գործընթացներին, և այս գրքի շնորհիվ ես տեղեկացա, որ կարող է երկրների միջև լինել գաղտնի պայմանագրեր, որոնք կարող են տարբեր ազգերի ներկայացուցիչների զրկել ազատությունից, իրենց ծննդավայրում ապրելու իրավունքից, տարածքից (խոսքը գրքում նշված Մոլոտով Ռիբենտրոպ պակտի մասին է, որը կնքվել է Խորհրդային Ռուսաստանի և Գերմանիայի միջև):

ժողովրդավարության կայացման խնդիրները

Ժողովրդավարությունը պետական կառավարման ձև է: Ոչ մի հասարակարգ չի կարող դառնալ ժողովրդավարորեն կայացած, եթե նախևառաջ այդ հասարակարգը կայացած չէ որպես պետություն:
Պետությունները կարող են լինել ազգային և բազմազգ: Հեղինակները նշում են, որ ազգային պետություններում ժողովրդավարության անցումից հետո այն կարող է հեշտությամբ կայանալ: Բազմազգ պետություններում ժողովրդավարության և՛ անցման և՛ կայացման գործընթացը բարդ է: 
Ըստ հեղինակների, այսպիսի պետություններում քաղաքական վերնախավերը կարող են նախաձեռնել « ազգայնացման քաղաքականություն », որը կարող է չդիտվել որպես մարդու իրավունքների խախտում միջազգային մակարդակով, բայց կունենա ազդեցություն ժողովրդավարության կայունացման հինգ ոլորտների վրա՝
  • քաղաքացիական հասարակության,
  • քաղաքական հասարակության,
  • օրենքի գերակայության,
  • պետական կառավարամ,
  • տնտեսական հասարակության:
Քաղաքացիական հասարակության վրա ազդում է հետևյալ կերպ. ազգայնացման քաղաքականության դեպքում, այս ոլորտում կրթությունն ու լրատվամիջոցները կարող են սահմանափակվել պաշտոնական լեզվի սահմաններում: Քաղաքական հասարակության ոլորտում ընտրովի քաղաքական պաշտոններում կարող են գերակշռող լինել տիրապետող ազգության ներկայացուցիչները: Պետական կառավարման համակարգում մեկ պաշտոնական լեզվին անցնելը փաստացի նվազեցնում է այլ ազգությունների մասնակցությունը պետական գործերին: Օրենքի գերակայության տեսանկյունից իրավական համակարգը կարող է արտոնություններ տալ ազգային պետության սովորույթներին, կարգերին և տարբեր ինստիտուտներին, որը կարող է ոտնահարել այլ ազգի ներկայացուցիչների իրավունքները: Տնտեսական ոլորտում կարող է տիրապետող ազգության ներկայացուցիչներին տրվել հողային արտոնություններ, իրենց գործունեությունը ծավալելու համար:

Որոշ երկրներում իշխանության անդամները համարում են, որ երկրում ժողովրդավարությունը կայացած է, դա պնդում են որոշ ազատականներ փոփոխություններ կատարելուց հետո: Իսկ գրքում հեղինակները առաջարկում են կայացած ժողովրդավարության սահմանումներ, բնորոշ գծեր, որի դեպքում կարող ենք համարել ժողովրդավարությունը կայացած:
 
Սահմանումը իրենից ներկայացնում է հետևյալը, որ կայացած ժողովրդավարություն ասելով՝ ընկալվում է, մի քաղաքական իրավիճակ, որտեղ ժողովրդավարությունը դարձել է երկրի կառավարման հնարավոր լավագույն տարբերակը:
 
Իսկ բնորոշ գծերն են՝ վարքագիծը, վերաբերմունքը և սահմանադրությունը:
Վարքագծային առումով համարվում է ժողովրդավարությունը կայացած, երբ երկրում այլ վարչակարգ հաստատելու համար սոցիալական, քաղաքական, կրոնական կամ այլ ուժեր ռեսուրսներ չեն ծախսում և դիմում բռնության կամ օտարերկրյա միջամտության: Վերաբերմունքային առումով ժողովրդավարությունը կայացած է, երբ մարդկանց մեծամասնությունը համարում է ժողովրդավարության ընթացակարգերն ու տարբեր ինստիտուտների կատարած աշխատանքը իրենց հասարակությունում ճիշտ կառավարման ձև, իսկ տարբեր շարժումները չնչին աջակցություն են ստանում: Սահմանադրական առումով ժողովրդավարությունը համարում են կայացած, երբ տվյալ հասարակությունում կառավարական և ոչ կառավարական ուժերը ենթարկվում են որոշակի օրենքների, ընթացակարգերի, և բոլոր խնդիրները լուծում են այդ օրենքների շրջանակներում:

Ժողովրդավարության սահմանումն ինքնին ենթադրում է որևէ տարածքում ապրող քաղաքացիների միջև համաձայնություն այն ընթացակարգերի շուրջ, որոնք պետք է կիրառվեն՝ ստեղծելու մի կառավարություն, որը կարող է ունենալ բավարար լեգիտիմություն իրեն հնազանդվելու պահանջ դնելու հարցում:
Բայց, եթե մարդկանց մի զգալի խումբ չի ընդունում իրեն հնազանդվելու պահանջները որպես լեգիտիմ, որովհետև չի ուզում լինել տվյալ ժողովրդավարական միավորի մաս, ապա դա լուրջ խնդիր է ժողովրդավարությանն անցման և կայացման գործում:

Այս դեպքում ծագում է երկու կարևոր հարց.
Ո՞վ է պետության քաղաքացին:
Ինչպե՞ս է սահմանվում քաղաքացիության չափանիշները:
Եվ այս խնդիրների պարագայում հեղինակները նշում են, որ ժողովրդավարության համար անհրաժեշտ է սահմանել « դեմոսը »: Շատերը դեմոսը մեկնաբանում են ժողովուրդ իմաստով, սակայն այս դեպքում նորից խնդիր է առաջանում. Իսկ ովքե՞ր են կազմում այդ ժողովուրդը:
Հեղինակները նշում են, որ դեմոսն ավելի շատ նշանակում է « քաղաքացիներ » :
Պետության քաղաքացիությունը սահմանվում է երեք սկզբունքներով՝
  • Քաղաքացիություն, ըստ ծագման,
  • Քաղաքացիություն, ըստ տվյալ երկրում ծնված լինելու,
  • Քաղաքացիություն ձեռք բերել կամավոր
Այս բոլոր խնդիրները վերլուծելով՝ կարող ենք պնդել, որ առանց պետության չի կարող լինել քաղաքացիություն, առանց քաղաքացիության՝ ժողովրդավարություն:
Գրքում նշված երկրներից քաղաքացիությունը լուրջ խնդիր է եղել արևելաեվրոպական և Խորհրդային Միության որոշ երկրներում, նաև Իսպանիայում որոշ ծայրահեղականներ Բասկերի երկրում և Կատալոնիայում: Նրանց տրվեց ինքնավար համայնքի կարգավիճակ Իսպանիայի կազմում և հետագայում խնդիր չառաջացավ: Իսկ ԽՍՀՄ երկրներում իրավիճակն ավելի բարդ էր: Այդ երկրներում շատ անհատներ իրենց կյանքի ընթացքում եղել են երեք կամ ավելի պետությունների քաղաքացիներ, առանց իրենց բնակավայրը փոխելու:

Իմ կարծիքով, հիմնվելով այն պնդման վրա, որ առանց պետության չի կարող լինել քաղաքացիություն և առանց քաղաքացիության չի կարող լինել ժողովրդավարություն, կարող ենք համարել, որ Հայաստանի Հանրապետությունը 1995թ Սահմանադրության համաձայն դե յուրե ժողովրդավար երկիր է (ըստ սահմանադրության՝ ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին), բայց դե ֆակտո ժողովրավար երկիր չէ, քանի որ դրա փոխարեն պետք է լիներ ՀՀ իշխանությունը պատկանում է քաղաքացիներին:

Անցումը ժողովրդավարության.

Գրքում առանձնացված է պետության կառավարման 4 ոչ ժողովրդավարական վարչակարգեր ՝ 
  • ավտորիտար 
  • ամբողջատիրական 
  • հետաամբողջատիրական
  • սուլթանական: 
Չորս վարչակարգերից անցումը ժողովրդավարության կարող է տեղի ունենալ տարբեր եղանակներով, որոնք իրենց հետ բերում են տարբեր խնդիրներ, դրանք ներկայացված են գրքում հենց երկրների օրինակներով: 
Հեղինակները առանձնացրել են պետության կառավարման 3 տիպ ՝ 
  • բարձրաստիճան զինվորականություն 
  • քաղաքացիական ղեկավարություն
  • սուլթանական:
Ըստ գրքում նշված վերլուծության՝ կարող ենք ենթադրել, որ բարձրաստիճան զինվորականության կառավարման տիպը հնարավոր է միայն ավտորիտար վարչակարգում: Այս վարչակարգից ժողովրդավարության անցման համար լուրջ խնդիրներ կարող են առաջանալ: 
Բարձրաստիճան զինվորականությունը վերացվում է կամ օտարերկրյա ուժերի կողմից (հատուկ գործակալների միջոցով), կամ հեղափոխության միջոցով: Հեղափոխության միջոցով հաջողության հասնելու համար անհրաժեշտ է կոալիցիա տարբեր ուժերի, քաղաքացիական շարժման անդամների կողմից: Թույլ կոալիցիաի դեպքում զինվորականությունը հեռանալուց առաջ կարող է պայմաններ թելադրել, որոնք իրեն թույլ կտան ոչ ժողովրդավարական արտոնություններ, և եկող իշխանության համար խնդիրներ կառաջանան ժողովրդավարության կայացման համար: Այսպիսի խնդիրներ առաջացան Չիլիում և Արգենտինայում: 

Օրինակ, Արգենտինայում զինվորականությունը հրաժական տվեց Մալվինյան կղզիներում պարտությունից հետո: Հեռացող զինվորականությունը (ինչպես հատուկ է  զինվորականության կառավարման տիպին) փորձեց պարտադրել որոշ պայմաններ՝ որպես հեռանալու գին: Սակայն երկրում տիրում էր անմիասնություն, պարտություն կրելուց հետո իշխանությունները ունեին ցածր հեղինակություն:
Երկրում տիրող իրավիճակի պատճառով նրանք չկարողացան պահանջներ առաջ քաշել և մեկ տարվա ընթացքում իրականացվեց ընտրություններ (բայց դրանից հետո նորից, իմ կարծիքով, լիարժեք ժողովրդավարություն չհաստատվեց երկրում, ուղղակի մեկ քայլ առաջ կատարվեց դեպի ժողովրդավարություն):

Իսկ Չիլիում իշխանափոխությունը տեղի ունեցավ հենց գործող սահմանադրության շնորհիվ, որը կազմվել էր գործող զինվորական իշխանության կողմից՝ Պինոչետի գլխավորությամբ: 
Ըստ այդ սահմանադրության՝ գործող ղեկավարը կարող էր շարունակել պաշտոնավարել ևս 8 տարի (1988թ ընտրությունների արդյունքում), եթե հավաքի ձայների մեծամասնությունը: Սակայն Պինոչետը չհավաքեց ձայների մեծամասնությունը: Ինչպես հատուկ է զինվորականությանը, հեռանալուց առաջ Պինոչետը պայմաններ առաջ քաշեց, որ նոր կառավարությունը պետք է համաձայնվի կառավարել ըստ գործող սահմանադրության: Սահմանափակվում էր ժողովրդավարների ինքնիշխանությունը և հեռացող իշխանությունը պետք է Սենատում ունենար 9 ներկայացուցիչ: Նաև Պինոչետին տրվեց բանակի հրամանատարության անփոխարինելության արտոնություն մինչև 1998թ, նույն արտոնությունները տրվեց նաև ոստիկանության ներկայացուցչին:

Քաղաքացիական ղեկավարությունը ունակ է ավելի հեշտորեն իրականացնել ժողովրդավարության անցումը և կայացումը: Նրանք ի տարբերություն մյուս կառավարման տիպերի հակված են դաշինքներ կազմել, բանակցել բարեփոխումներ կատարելու համար, նրանք ավելի շատ կապեր, շփում ունեն հանրության հետ:

Սուլթանական ղեկավարությունից անցումը ժողովրդավարականի կարող է տեղի ունենալ ավելի հեշտ եղանակով, որովհետև կառավարողի գահընկեց արվելու կամ սպանվելու դեպքում, քաղաքացիական շարժումների կամ զինված ապստամբության միջոցով սուլթանական վարչակարգն անկում է ապրում, (այդ դեպքում կարող է իշխանության անցնել նրա հարազատներից մեկը): Եթե զինված շարժումը վերացնում է վարչակարգի հետ կապ ունեցողներին, ապա ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որը պետք է սահմանի ընտրությունների հստակ ժամկետ, չսահմանելու դեպքում, կարող ենք արձանագրել, որ զինված ապստամբության նպատակը ժողովրդավարության հաստատումը չէր:

Եզրափակիչ մտքեր .
Հիմնվելով հեղինակների վերլուծական աշխատանքի վրա՝ կցանկանայի նշել, որ Հարավային Եվրոպայի բոլոր երկրներում նորընտիր իշխանությունները սկզբում կենտրոնանում էին քաղաքական ոլորտի կայունության վրա, այնուհետև զբաղվում սոցիալական,տնտեսական հարցերով (նույնը չեմ կարող ասել գրքում ներկայացված մյուս երկրների մասին): Այս քաղաքականությունը, իմ կարծիքով, հնարավորություն է տալիս ժողովրդավարության կայացումը, և հետագայում տնտեսական փոփոխություններն ավելի արդյունավետ դարձնել:




Նյութում հնչեցված կարծիքները պատկանում են հեղինակին, և շատ հաճախ կարող են չհամապատասխանել ACDC նախաձեռնության սահմանած հիմնարար արժեքներին և բուն դիրքորոշմանը:

ACDC վերլուծական կարիերայի զարգացման կենտրոն-նախաձեռնություն
Analytical Career Development Center

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հեղինակ՝ Սյուզաննա Սահակյան / «Շախմատային մեծ տախտակը» / գրքի վերլուծություն

Պետությունների դիրքորոշումը արցախա - ադրբեջանական հակամարտության շուրջ