Հեղինակ՝ Սյուզաննա Սահակյան / «Շախմատային մեծ տախտակը» / գրքի վերլուծություն

 

Գրքի վերլուծություն

Հեղինակ՝ Սյուզաննա Սահակյան

«Շախմատային մեծ տախտակը. ամերիկյան գերազանցությունը և նրա աշխարհառազմավարական հրամայականները»

( գրքի հեղինակ՝ Զբիգնև Բժեզինսկի )


          Երկու խոսք հեղինակի մասին

Զբիգնև Բժեզինսկին ամերիկացի սոցիոլոգ, քաղաքագետ և պետական գործիչ էր:
1966-1968 թվականներին Բժեզինսկին եղել է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ քաղաքականության պլանավորման խորհրդի անդամ:
1977-1981 թթ. եղել է ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի՝ Ազգային անվտանգության գծով խորհրդականը։
Նա Սառը պատերազմի խորհրդանիշերից մեկն էր և հայտնի էր իր հակախորհրդային արմատական հայացքներով:

Ինչո՞ւ կարդալ հենց այս գիրքը 

«Շախմատային մեծ տախտակը» գրքում հեղինակը աշխարհի պետություններից առանձնացնում է էական նշանակություն և ազդեցություն ունեցողներին, նրանց դիրքավորում շախմատային տախտակի վրա որպես հիմնական խաղացողներ, ներկայացնում տարբեր ժամանակաշրջաններում իրենց հզորության գագաթնակետին հասած պետությունների ռազմավարությունը, նրանց դաշնակիցներին և հակառակորդներին՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից բացատրում ժամանակի գերտերությունների կործանման հիմնական պատճառները, շատ հաճախ վերլուծելով որևէ ժամանակաշրջանի իրադարձություն՝ հեղինակը նույնիսկ կանխատեսումներ է անում ապագայի հետ կապված, որոնք շատ հաճախ համապատասխանում են մերօրյա աշխարհաքաղաքական իրավիճակին:

Գիրքը խորհուրդ է տրվում ընթերցել բոլոր այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են համաշխարհային քաղաքականությամբ կամ սովորում են քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ բաժիններում:

Կարդալով Բժեզինսկիի աշխատությունը՝ կարելի է զուգահեռներ անցկացնել ժամանակակից անգլո-սաքսոնական աշխարհաքաղաքականության հիմնադիր Հելֆորդ Ջոն Մաքքինդերի աշխատությունների հետ:

Բժեզինսկին նույնպես քաղաքականությունը դիտարկում է ծովի քաղաքակրթության (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) և ցամաքի քաղաքակրթության (Հարտլանդի*) հակամարտության տեսակետից։


Նա նույնիսկ իր գրքում մեջբերում է աշխարհաքաղաքական-տարածքային կազմակերպման Մաքինդերի բանաձև՝

  • Ով կառավարում է Արևելյան Եվրոպան՝ կառավարում է Հարտլանդը,

  • Ով կառավարում է Հարտլանդը՝ կառավարում է Համաշխարհային օվկիանոսը,

  • Ով կառավարում է Համաշխարհային օվկիանոսը՝ կառավարում է աշխարհը:


Գրքի հիմնական գաղափարն է, օգտագործելով ԱՄՆ -ի ռազմական, տնտեսական և մշակութային գերակայությունը, վերահսկել ամբողջ Եվրասիա մայրցամաքը, միևնույն ժամանակ թույլ չտալով, որ աշխարհում ի հայտ գա ԱՄՆ-ին հավասար մրցակից պետություն: 

Հեղինակը ընթերցողի ուշադրությունը հրավիրում է հատկապես Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի վրա՝ բացատրելով ներկա իրավիճակում ինչու այդ պետությունները ի վիճակի չեն իրենց ձեռքը վերցնել աշխարհի ղեկը: 

Սակայն, գրքում ներմուծված է նաև, այսպես կոչված, «ակտիվ պետություններ» հասկացությունը: Դրանք այն պետություններն են, որոնք ունեն իրենց սեփական ռազմավարությունը, որի քայլերի հաջորդականությունը այդքան էլ չի բխում ԱՄՆ-ի շահերից: Ըստ հեղինակի այդպիսի պետություններ են՝ Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը:

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվում Ուկրաինային, Ադրբեջանին, Իրանին: Ուկրաինան կենսական անհրաժեշտություն է ներկայացնում Ռուսաստանի համար, քանի որ իրար հաջորդող բազմաթիվ ծանր իրադարձությունների և պատերազմների պատճառով Ռուսաստանին այս մայրցամաքում գերիշխող դիրքերում միայն այդ պետությունը կարող է պահել: Հեղինակի կարծիքով Ուկրանիայի կորուստը կենտրոնական աշխարհաքաղաքական իրադարձություն և աշխարհաքաղաքական կատալիզատոր* հանդիսացավ ԽՍՀՄ-ի փլուզման և Ռուսաստանի հետագա թուլացման համար:

Այս գրքում Բժեզինսկին նաև ձևակերպում է քաղաքական ջունգլիի անխախտելի օրենքներից մեկը՝


«Ինչպես գիշատչին անհրաժեշտ է միս, այնպես էլ մեծ տերությանը՝ կայսրություն»: 


Իսկ այս ամենին զուգահեռ հեղինակը Ռուսաստանին նվիրում է մի ծավալուն հատված, որին տալիս է «Սև խոռոչ» աստղագիտական տերմինի անվանումը:

Հեղինակը գիրքը ավարտում է «Պետությունները վերջին համաշխարհային պատերազմից հետո» ենթավերնագրով, նշելով, որ սառը պատերազմից հետո աշխարհակարգը փոխվել է, ԱՄՆ-ն որոշ բնագավառներում կիսել է իր գերիշխանությունը այլ պետությունների հետ, սակայն ԱՄՆ-ն ունի հստակ սահմանած նպատակներ, որոնց հասնելու համար պետությունը պարբերաբար մշակում և թարմացնում է իր ռազմավարությունը:


Ամեն ինչ սկսենք սկզբից


Եվրասիան իրենից  «շախմատային տախտակ» է ներկայացնում, որի վրա շարունակվում է պայքարը համաշխարհային տիրապետության համար, սակայն այդպիսի պայքարն ազդում է աշխարհաքաղաքական շահերի ռազմավարական կառավարման վրա:

Հարկ է նշել, որ դեռ 1940 թ.-ին աշխարհի գերիշխանության երկու հավակնորդներ՝ Ադոլֆ Հիտլերը և Ստալինը, համաձայնության էին եկել (1940 թ. նոյեմբերի գաղտնի բանակցությունների ընթացքում) այն մասին, որ հնարավորինս արագ պետք է Ամերիկային հեռացնել Եվրասիա մայրցամաքից:

Նրանցից յուրաքանչյուրը գիտակցում էր, որ ամերիկյան ուժի հաստատումը Եվրասիայում վերջ կդնի աշխարհի գերիշխանության իրենց հավակնություններին: 

Նրանք համակարծիք էին, որ Եվրասիան աշխարհի կենտրոնն է, և նա, ով վերահսկում է Եվրասիան, վերահսկողություն է իրականացնում ամբողջ աշխարհի վրա:

Սակայն այս իրադարձություններից կես դար անց հեղինակը հարցը այլ կերպ է շարադրում. 


Ինչքա՞ն երկար կշարունակվի Ամերիկայի գերակշռությունը Եվրասիայում և ի՞նչ նպատակներ այն կարող է իրականացնել:


Թերևս արդեն հասել ենք 2021 թվականին, սակայն հեղինակի հարցը մինչև այժմ էլ արդիական է, Ամերիկան ՆԱՏՕ-ի միջոցով շարունակում է օրակարգ թելադրել, ոչ միայն Եվրասիա մայրցամաքում, այլ ամբողջ աշխարհում:


Աշխարհի քաղաքական քարտեզի որակական փոփոխությունները ուսումնասիրած ցանկացած ուսանողի գլուխում էլ միանշանակ ծագել է այս «միամիտ» հարցը.


Այդ ինչպե՞ս եղավ, որ ժամանակին Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիային գաղութացման տակ գտնվող մայրցամաքը, հետագայում նաև պետությունը, կարողացավ կտրուկ զարգացում ապրել և իր գերիշխանությունը հաստատել Եվրասիա մայրցամաքում:


Այդ հարցի պատասխանը կարելի է գտնել այս աշխատությունում:


Առաջին համաշխարհային պատերազմը ամերիկյան ռազմական ուժերը Եվրոպա մասսայական տեղափոխելու առաջին հնարավորությունն էր:

Պատերազմը օգնեց ԱՄՆ-ին կատարել առաջին խոշոր դիվանագիտական ​​քայլերը, որոնց գլխավոր նպատակն էր կիրառել ամերիկյան սկզբունքները եվրոպական հիմնախնդիրների վրա:

Վուդրո Վիլսոնի հայտնի «14 կետերը» ներկայացնում էին ամերիկյան իդեալիզմի ներարկումը եվրոպական աշխարհաքաղաքականության մեջ: Եվ հենց ամերիկյան իդեալիզմի և ամերիկյան ուժի միաձուլումը օգնեց ԱՄՆ-ին դուրս գալ համաշխարհային քաղաքականության թատերաբեմ:

Հեղինակի կարծիքով Առաջին համաշխարհային պատերազմը հիմնականում եվրոպական էր, ոչ թե համաշխարհային: Այնուամենայնիվ, դրա կործանարար բնույթը սկիզբ հանդիսացավ մնացած աշխարհի նկատմամբ եվրոպական քաղաքական, տնտեսական և մշակութային գերազանցության ավարտին: Պատերազմի ընթացքում ոչ մի եվրոպական տերություն ի վիճակի չեղավ վճռական գերազանցություն ցուցաբերել, և դրա արդյունքի վրա էական ազդեցություն ունեցավ ոչ եվրոպական տերության` Ամերիկայի` հակամարտության մեջ մտնելը: 

Այստեղից կարելի է հետևություն անել, որ Եվրոպան ավելի շատ օբյեկտ է, քան գլոբալ ուժային քաղաքականության սուբյեկտ:


Համաշխարհային քաղաքականության մեջ եվրոպական դարաշրջանն ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, սա արդեն իսկապես գլոբալ պատերազմ էր: Մարտերը մղվում էին միաժամանակ երեք մայրցամաքներում: Եթե ​​պատերազմն ավարտվեր նացիստական ​​Գերմանիայի հաղթանակով, ապա ըստ հեղինակի եվրոպական միասնական տերությունը կարող էր գերիշխող դառնալ համաշխարհային մասշտաբով: Բայց փոխարենը, Գերմանիան պարտվեց և հիմնականում հաղթեցին երկու ոչ եվրոպական պետություններ՝ ԱՄՆ-ն և Սովետական ​​Միությունը, որոնք դարձան Եվրոպայում աշխարհի գերիշխանության շուրջ սպասվող վեճի իրավահաջորդները:


Հաջորդ 50 տարիները նշանավորվեցին աշխարհի գերիշխանության համար երկբևեռ ամերիկա-սովետական ​​պայքարի գերակշռությամբ:

Միջուկային զենքի ի հայտ գալը նշանակում էր, որ առաջիկայում դասական տիպի պատերազմը երկու հիմնական մրցակիցների միջև ուղղակիորեն կարելի էր բացառել, քանի որ այն ոչ միայն կհանգեցներ նրանց փոխադարձ ոչնչացմանը, այլև կարող էր աղետալի հետևանքներ ունենալ մարդկության զգալի հատվածի համար: Այդտեղից արդեն պարզ էր դառնում, որ հակամարտությունը լինելու էր երկու հակառակորդների կողմից ցուցաբերված արտակարգ զսպվածության պայմաններում:


Միջուկային պատերազմից վախենալու պատճառով, մրցակցությունը որոշվում էր ոչ ռազմական միջոցներով: Քաղաքական կենսունակությունը, գաղափարական ճկունությունը, տնտեսական դինամիզմը և մշակութային արժեքների գրավչությունը որոշիչ գործոններ դարձան Սառը պատերազմի տարիներին: Բայց այս ամենը նույնպես երկար չտևեց:

Եկավ մի ժամանակահատված, երբ անցյալի շատ կայսրությունների նման, Խորհրդային Միությունն էլ, ի վերջո, պայթեց ներսից և մասնատվեց ՝ զոհ դառնալով ոչ այնքան ռազմական պարտության, որքան տնտեսական և սոցիալական խնդիրներով արագացված փլուզման գործընթացին:


ԽՍՀՄ-ի ճակատագրի մասին տեղին դատողություններ է անում քաղաքագետը՝ ասելով՝ 


« Կայսրությունները ի սկզբանե անկայուն են, քանի որ ստորադաս տարրերը գրեթե միշտ նախընտրում են ինքնավարության ավելի մեծ աստիճան, և այդպիսի տարրերի հակաէլիտաները, գրեթե միշտ քայլեր են ձեռնարկում ավելի մեծ ինքնավարության հասնելու համար, երբ հարմար առիթ է ստեղծվում: Այս իմաստով կայսրությունները չեն փլուզվում: Նրանք ավելի շուտ բաժանվում են, սովորաբար շատ դանդաղ, չնայած երբեմն էլ անսովոր արագ »:


Այս տողերը կարդալիս մի անգամից մտքիդ են գալիս տարբեր ժամանակների հզոր կայսրությունները՝ Հռոմեական, Չինական, Մոնղոլական, և իհարկե, հեղինակը այս կայսրությունների մասին մանրակրկիտ խոսում է գրքում, սակայն իմ կողմից հավելեմ, որ դեռևս մեր թվարկությունից առաջ Տիգրանի Մեծի ժամանակաշրջանում հայկական տերության փլուզումը լիովին համապատասխանում է հեղինակի առաջ քաշած փաստարկներին:


Ահա այն երեք հիմնական պատճառները, որոնք ի վերջո հանգեցրին Հռոմեական կայսրության փլուզմանը: 
  • Նախ՝ կայսրությունը չափազանց մեծ դարձավ մեկ կենտրոնից կառավարվելու համար, բայց նրա բաժանումը Արևմտյան և Արևելյան մասերի ինքնաբերաբար ոչնչացրեց ինքնիշխանության մենաշնորհային բնույթը:
  • Երկրորդ, կայսերական ամբարտավանության երկարատև ժամանակահատվածը ծնեց մշակութային հեդոնիզմ, որն աստիճանաբար քայքայեց քաղաքական վերնախավի մեծության ձգտումները:
  • Երրորդ, երկարատև գնաճը խաթարեց նաև ֆինանսական համակարգի ինքնուրույնությունը պահպանելու կարողությունը:
Արդեն իսկ հասկանալով կայսրությունների անկման հիմնական պատճառները կարելի էր ԽՍՀՄ-ի ստեղծման առաջին իսկ օրից ակնկալել նման վախճան: Խորհրդային Միության կազմում իր ոչ-ռուսական բնակչության 50% -ը մերժեց Մոսկվայի գերիշխանությունը: Ոչ ռուս բնակչության աստիճանական քաղաքական զարթոնքը նշանակում էր, որ ուկրաինացիները, վրացիները, հայերը և ադրբեջանցիները սկսեցին դիտել խորհրդային իշխանությունը որպես օտար կայսերական տիրապետության ձև և այդպես էլ չկարողացան ապրել մեկ ընդհանուր մշակութային շղարշի ներքո:

Հաջորդ գլխում հեղինակը անդրադառնում է հեգեմոնիա գաղափարին և տարբեր ժամանակաշրջաններում պետությունների գերտերություն դառնալու ձգտումներին:


Հաջորդ դարի ընթացքում ՝ առաջին համաշխարհային պատերազմից առաջ, Միացյալ Թագավորությունը տիրում էր աշխարհի ռազմածովային ուժերին, Լոնդոնը դառնում էր աշխարհի հիմնական ֆինանսական և առևտրային կենտրոնը, իսկ բրիտանական նավատորմը «տիրում էր ալիքներին»:

Մեծ Բրիտանիան ակնհայտորեն ամենահզորն էր օվկիանոսներում, բայց ինչպես աշխարհի գերիշխանության ավելի վաղ եվրոպական ձգտողները, Բրիտանական կայսրությունը չէր կարող միայնակ տիրել Եվրոպային: Փոխարենը ՝ Բրիտանիան ապավինեց ուժերի հավասարակշռության և, ի վերջո, Ռուսաստանի կամ Գերմանիայի մայրցամաքային գերիշխանությունը խափանելու անգլո-ֆրանսիական համաձայնությանը:

Անգամ Մեծ Բրիտանիան իրական համաշխարհային տերություն չէր: Նա չէր վերահսկում Եվրոպան, բայց այնտեղ միայն պահպանում էր ուժերի հավասարակշռությունը:


Սակայն, պետք է ընդունել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ որպես համաշխարհային տերության մասշտաբներն ու ազդեցությունն այսօր եզակի են:


Ամերիկան ​​գերակշռում է համաշխարհային հզորության չորս կարևոր ոլորտներում. 

  • ռազմական ոլորտում այն ​​ունի համաշխարհային տեղակայման աննախադեպ հնարավորություններ,

  • տնտեսագիտության ոլորտում շարունակում է մնալ աշխարհի զարգացման հիմնական շարժիչ ուժը,

  • տեխնոլոգիապես այն պահպանում է բացարձակ առաջատարությունը գիտության և տեխնոլոգիայի առաջադեմ ոլորտներում,

  • մշակույթի ոլորտում, չնայած իր պարզունակությանը, Ամերիկան ​​վայելում է հիացմունք, հատկապես ամբողջ աշխարհի երիտասարդության շրջանում:


Այս ամենը Միացյալ Նահանգներին ապահովում է այնպիսի քաղաքական ազդեցություն, որը աշխարհի ոչ մի այլ ժողովուրդ չունի: Այս բոլոր չորս գործոնների համադրությունն է, որ Ամերիկան ​​դարձնում է միակ համաշխարհային գերտերությունը՝ բառիս ամբողջական իմաստով:


Մշակութային գերազանցությունը ամերիկյան համաշխարհային հզորության թերագնահատված կողմն է: Ինչ էլ, որ ոմանք մտածեն իրենց գեղագիտական ​​արժեքների մասին, ամերիկյան ժողովրդական մշակույթը մագնիսի նման ձգում է, հատկապես աշխարհի երիտասարդներին:

Ամերիկյան հեռուստատեսային ծրագրերն ու կինոնկարները կազմում են համաշխարհային շուկայի գրեթե երեք քառորդը: Գերակշռում է նաև ամերիկյան ժողովրդական երաժշտությունը:

Ամերիկան ​​դարձել է Մեքքա ժամանակակից կրթություն փնտրողների համար. մոտ կես միլիոն միջազգային ուսանողներ սովորում են Միացյալ Նահանգներում, իսկ ամենապայծառ ուղեղ ունեցողներից շատերը երբեք չեն վերադառնում հայրենիք: Ամերիկյան համալսարանների շրջանավարտներին կարելի է գտնել յուրաքանչյուր մայրցամաքի գրեթե յուրաքանչյուր կառավարությունում:


Կրթություն ստանալ, լավ աշխատանք գտնել և մնալ Ամերիկայում, առանց հեղինակի իրականացրած վերլուծությունը կարդալու էր, դա մեզ համար պարզից էլ պարզ է, թերևս այս տեսլականը Հայաստանի երիտասարդների ամենապայծառ երազանքներից մեկն է: Ցավալի է, բայց փաստ է:

Ամերիկայի համար գլխավոր աշխարհաքաղաքական մրցանակը Եվրասիան է... 


Բժեզինսկին համամիտ էր Հարվարդի քաղաքագետ Սամուել Պ. Հանթինգթոնի հետ.


«Աշխարհն առանց Միացյալ Նահանգների գերակայության կունենա ավելի շատ բռնություն և անկարգություններ, և պակաս ժողովրդավարություն և տնտեսական աճ, քան մի աշխարհ, որտեղ Միացյալ Նահանգները շարունակում են ավելի ազդեցիկ լինել գլոբալ գործերում, քան ցանկացած այլ երկիր:
Միացյալ Նահանգների շարունակական համաշխարհային գերակայությունը կարևոր է ամերիկացիների բարեկեցության և անվտանգության, ինչպես նաև երկրի վրա ազատության, ժողովրդավարության, բաց տնտեսական կապերի և ընդհանրապես ամբողջ աշխարհի ապագայի համար»:

Եվրասիան երկրագնդի ամենամեծ մայրցամաքն է և աշխարհաքաղաքականորեն առանցքային տարածք է:

Այդպիսով, Եվրասիան շախմատային տախտակ է, որի վրա շարունակվում է պայքարը համաշխարհային տիրապետության համար: Չնայած աշխարհառազմավարությունը՝ աշխարհաքաղաքական շահերի ռազմավարական կառավարումը, կարելի է համեմատել շախմատի հետ, բայց փոքր-ինչ օվալաձև եվրասիական շախմատի տախտակը խաղում են ոչ թե երկու, այլ մի քանի խաղացողներ, որոնցից յուրաքանչյուրը տարբեր աստիճանի ուժ ունի:

Առաջատար խաղացողները շախմատի տախտակի արևմտյան, արևելյան, կենտրոնական և հարավային մասերում են:


Ամերիկյան համաշխարհային առաջնությանը հասնելու համար պետք է ուշադրությունը սևեռել այն փաստի վրա, որ քաղաքական աշխարհագրությունը շարունակում է մնալ կարևոր նկատառում միջազգային հարաբերություններում:
Նույնիսկ աշխարհաքաղաքական առաջատար վերլուծաբանները քննարկում էին այն հանգամանքը, որ ցամաքային գործոնն ավելի կարևոր է, քան ծովայինը, և հատկապես Եվրասիայի տարածքն է կարևոր, քանի որ ամբողջ աշխարհի վրա կարելի էր վերահսկողություն սահմանել:
Բժեզինսկին, բացի այն հանգամանքից, որ Եվրասիան նմանեցնում էր շախմատային տախտակի, նաև նախընտրում էր պետություններին դասակարգելի ըստ իրենց մի շարք հատկանիշների:

Աշխարհաքաղաքական կենտրոնները պետություններ են, որոնց կարևորությունը բխում է ոչ թե իրենց ուժից և հեղինակությունից, այլ ավելի կարևոր մի հատկանիշից՝ տեղակայությունից և աշխարհաքաղաքական դերակատարների գործողությունների նկատմամբ նրանց հնարավոր խոցելիության հետևանքներից: 

Ուկրաինան, Ադրբեջանը, Հարավային Կորեան, Թուրքիան և Իրանը սկզբունքորեն կարևոր աշխարհաքաղաքական կենտրոնների դեր են խաղում, չնայած որ և Թուրքիան, և Իրանը որոշ չափով, իրենց ավելի սահմանափակ հնարավորությունների սահմաններում, նաև աշխարհառազմավարական ակտիվ երկրներ են:

Ֆրանսիան և Գերմանիան բավականին ուժեղ և հաստատակամ են `ավելի լայն շրջանակի վրա ազդեցություն գործելու համար: Ֆրանսիան ոչ միայն հավակնում է կենտրոնական քաղաքական դերին, որպես Եվրոպան միավորող ուժ, այլ նաև իրեն տեսնում է որպես միջերկրածովյան-հյուսիսաֆրիկյան ընդհանուր շահեր ունեցող երկրների խմբի միջուկ:

Իսկ Մեծ Բրիտանիան, ընդհակառակը, աշխարհառազմավարական գործիչ չէ: Այս պետությունը ավելի քիչ է հավատարիմ իմաստալից հասկացություններին, չի զբաղվում Եվրոպայի ապագայի հավակնոտ տեսլականով, և դրա համեմատաբար անկումը նաև նվազեցրել է Եվրոպայում իր ուժերի հավասարակշռության պետության ավանդական դերը կատարելու հնարավորությունը:

Ուշադիր կարդալով Բժեզինսկիի դեռևս 1998 թվականի խոհերը միանգամից մտքիդ գալիս են նախորդ տարում տեղի ունեցած իրադարձությունները, երբ 2020 թվականի հունվարի 31-ին, շուրջ 45 տարի ԵՄ անդամ պետությունը՝ Մեծ Բրիտանիան, հայտարարեց, որ դուրս է գալիս ԵՄ կազմից: Վարչապետ Բորիս Ջոնսոնը ասաց, որ պետք է օգտվել նոր հնարավորություններից: Կառավարության ղեկավարի խոսքով, իր բոլոր ուժեղ կողմերով հանդերձ ԵՄ-ն այս 50 տարիների ընթացքում  ընթացել է այն ուղղությամբ, որն այլևս հարմար չէ Բրիտանիայի համար:
«Եկել է պահը, երբ մենք իսկապես կարող ենք միավորվել և բարելավել մեր մակարդակը»,- ասել է Ջոնսոնը:

Հերթական անգամ տեսնում ենք, որ ժամանակների մեծագույն քաղաքագետներից մեկը չէր սխալվում իր կանխատեսումներում:

Հաջորդիվ հեղինակը անդրադառնում է Ռուսաստանին:


Ռուսաստանը, որը դժվար թե հիշեցման կարիք ունենա, շարունակում է մնալ գլխավոր աշխարհառազմավարական դերակատարը ՝ չնայած թուլացած պետականությանը: Ռուսաստանը դեռ պետք է կատարի իր հիմնարար աշխարհառազմավարական ընտրությունը Ամերիկայի հետ հարաբերությունների տեսանկյունից ՝ ընկե՞ր, թե՞ թշնամի: 

Շատ բան կախված է ներքաղաքական իրավիճակի զարգացումից և հատկապես այն բանից, թե Ռուսաստանը կդառնա՞ եվրոպական ժողովրդավարության կրողը, թե՞ կրկին Եվրասիական կայսրություն: Համենայն դեպս, նա անկասկած մնում է խաղացող կերպար, չնայած կորցրել է իր մի քանի «խաղաքարերը», ինչպես նաև եվրասիական շախմատի որոշ առանցքային դիրքեր:


Ճապոնիան աշխարհառազմավարական դերակատար չէ, չնայած այն արագորեն այդպիսին դառնալու ակնհայտ ներուժ ունի, հատկապես, եթե Չինաստանը կամ Ամերիկան ​​անսպասելիորեն փոխեն իրենց ընթացիկ քաղաքականությունը, ԱՄՆ-ին հատուկ պարտավորություն է առաջադրում զգուշորեն զարգացնել ամերիկա-ճապոնական հարաբերությունները: Եվ սա ոչ թե Ճապոնիայի արտաքին քաղաքականությունն է, որին Ամերիկան ​​պետք է ուշադիր հետևի, այլ ճապոնական զսպվածությունն է, որը Ամերիկան ​​պետք է շատ զգուշորեն մշակի: ԱՄՆ-Ճապոնիա քաղաքական կապերի ցանկացած զգալի թուլացում ուղղակիորեն կազդի տարածաշրջանում կայունության վրա:

Ավելի դյուրին է արդարացնել Ինդոնեզիայի բացակայությունը դինամիկ աշխարհառազմավարական դերակատարների ցուցակում, քան բացատրել, թե այն ինչ նշանակություն ունի:

Հարավարևելյան Ասիայում Ինդոնեզիան ամենակարևոր երկիրն է, բայց նույնիսկ տարածաշրջանում ազդեցություն ունենալու նրա կարողությունը սահմանափակվում է տնտեսության հարաբերական թերզարգացումով, ընթացիկ ներքաղաքական անկայունությամբ, էթնիկական հակամարտությունների նկատմամբ զգայունությամբ:


Հնդկաստանը, ընդհակառակը, գտնվում է տարածաշրջանային տերություն դառնալու գործընթացում և իրեն տեսնում է որպես համաշխարհային մասշտաբի հավանական գլխավոր դերակատար: Նա իրեն տեսնում է որպես Չինաստանի մրցակից: Դա կարող է լինել նրա հնագույն կարողությունների գերագնահատում, բայց Հնդկաստանը անկասկած ամենահզոր պետությունն է Հարավային Ասիայում, և այն դարձել է ոչ այնքան Պակիստանին վախեցնելու կամ շանտաժի ենթարկելու, որքան Չինաստանի միջուկային զինանոցը հավասարակշռելու համար:


Ուկրաինան, որը Եվրասիական շախմատային տախտակի վրա նոր և կարևոր տարածք է, աշխարհաքաղաքական կենտրոն է, քանի որ նրա գոյությունը որպես անկախ պետություն օգնում է վերափոխել Ռուսաստանը: Առանց Ուկրաինայի, Ռուսաստանը դադարում է լինել եվրասիական կայսրություն, սակայն դեռ կարող է պայքարել կայսերական կարգավիճակի համար, բայց հետո այն կդառնա մեծ մասամբ ասիական կայսերական պետություն:
Այնուամենայնիվ, եթե Մոսկվան վերականգնի վերահսկողությունը Ուկրաինայի վրա՝ իր 52 միլիոն բնակչությամբ և մեծ ռեսուրսներով, ինչպես նաև Սև ծով ելքով, ապա Ռուսաստանը կրկին հնարավորություն կստանա վերածվելու հզոր կայսերական պետության ՝ տարածվելով Եվրոպայում և Ասիայում:

Չնայած իր սահմանափակ տարածքային մասշտաբին և փոքր բնակչությանը ՝ Ադրբեջանը, իր հսկայական էներգետիկ ռեսուրսներով, ունի առանցքային աշխարհաքաղաքական նշանակություն: Սա Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի հարստությունը պարունակող նավթի ամբար է:
Ադրբեջանի սեփական և շատ նշանակալից նավթային ռեսուրսները կարող էին ենթարկվել նաև Ռուսաստանի վերահսկողությանը, եթե այս երկրի անկախությունը չեղյալ հայտարարվեր:
Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի ապագան, գրեթե նույն չափով, ինչ Ուկրաինայի դեպքում, հիմնովին կախված է նրանից, թե ով կարող է դառնալ կամ չդառնալ Ռուսաստանը ապագայում:

Հեղինակի նշած ժամանակն անցավ, և մենք արդեն տեսնում ենք, որ Թուրքիան այս տարածաշրջանում իսկական սպառնալիք է դարձել, ներկայումս Թուրքիան դարձել է այն պետությունը, որը կարողացավ իր էական ազդեցությունն ունենալ Ուկրանիայի վրա, խլեց Ռուսաստանից Ադրբեջան անունը կրող նավթային ամբարին տիրանալու հույսերը, ներխուժեց Վրաստանի տնտեսական շուկա և այժմ էլ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրից հետո փորձում է կլանել Հայկական տնտեսական շուկան և առհասարակ ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում:

Թուրքիան և Իրանը բախվում են ներքին լուրջ խնդիրների, իսկ ուժերի հարաբերակցության մեջ տարածաշրջանային նշանակալի փոփոխություններ կատարելու նրանց կարողությունը սահմանափակ է: Բացի այդ, նրանք մրցակիցներ են և այդպիսով զրոյացնում են միմյանց ազդեցությունը: Ապակայունացված Թուրքիան հավանաբար ավելի մեծ ազատություն կտար բռնությանը հարավային Բալկաններում, միևնույն ժամանակ սպասելով, որ Ռուսաստանը վերականգնի վերահսկողությունը Կովկասի նորանկախ պետությունների նկատմամբ: Իրանը, չնայած Ադրբեջանի հանդեպ երկակի մտադրություններ ունենալուն, նմանապես կայունացուցիչ աջակցություն է ցուցաբերում Կենտրոնական Ասիայի նոր քաղաքական բազմազանությանը:

Հաջորդ գլուխներում հեղինակը այս հինգ հիմնական հարցի վերաբերյալ մանրակրկիտ վերլուծություն է իրականացնում՝


  • Ո՞ր Եվրոպան է նախընտրելի Ամերիկայի համար, և, հետևաբար, ինչպիսի՞ Եվրոպայի ձևավորմանը պետք է նա նպաստի:

  • Ինչպիսի՞ն պետք է լինի Ռուսաստանը Ամերիկայի շահերը բավարարելու համար, և ի՞նչ և ինչպե՞ս պետք է Ամերիկան ​​անի դա:

  • Որո՞նք են Կենտրոնական Եվրոպայում նոր «Բալկաններ» -ի առաջացման հեռանկարները, և ի՞նչ պետք է անի Ամերիկան, որպեսզի նվազագույնի հասցվի դրա արդյունքում առաջացող վտանգը:

  • Ի՞նչ դեր պետք է ունենա Չինաստանը Հեռավոր Արևելքում, և որո՞նք կարող են լինել վերը նշվածի հետևանքները ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Ճապոնիայի համար:

  • Որո՞նք են հնարավոր եվրասիական կոալիցիաները, որոնք առավել վտանգավոր են Միացյալ Նահանգների շահերի համար, և ի՞նչ պետք է արվի դրանց առաջացումը կանխելու համար:


Աշխարհի ամենամեծ պետության փլուզումը 1991 թ.-ի վերջին նպաստեց Եվրասիայի հենց կենտրոնում «սև խոռոչի» ձեւավորմանը: Երկրի քարտեզից կարծես ջնջվել էր երկրի կենտրոնական և աշխարհաքաղաքականորեն կարևոր մի հատվածը:
Այն տարածքը, որը դարեր շարունակ պատկանել է ցարական կայսրությանը, այունհետև երեք քառորդ դար Խորհրդային Միությանը, այժմ լցված է տասնյակ պետություններով, որոնց մեծ մասը (բացառությամբ Ռուսաստանի) դժվար թե պատրաստ լինի իրական ինքնիշխանություն ձեռք բերել: Բացի այդ, այս պետությունների բնակչությունը նույնպես տարբեր է. բավականին մեծ Ուկրաինայից ՝ 52 միլիոն մարդ, և մինչև Հայաստան ՝ ընդամենը 3,5 միլիոն:
Ուկրաինայի կորուստը աշխարհաքաղաքականորեն կարևոր իրադարձություն էր կապված Ռուսաստանի աշխարհառազմավարական ընտրության էական սահմանափակման հետ:

Ռուսաստանի կողմից Բալթիկ ծովում իր գերիշխող դիրքի կորուստը կրկնվեց Սև ծովում, ոչ միայն Ուկրաինայի անկախության պատճառով, այլ նաև այն պատճառով, որ Կովկասի պետությունները ՝ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը անկախացան, որի հետևանքով ամրապնդվեց Թուրքիայի վերականգնման կարողությունը, որը ժամանակին կորցրել է ազդեցությունը այս տարածաշրջանում:

Այսպիսով, արդեն անկախ և ամուր ազգայնական հիմքերի վրա Ադրբեջանի հայտնվելով, այն իր դիրքերը ամրապնդեց շնորհիվ հանրապետություն շտապող անհամբեր նավթային ներդրողների, Ռուսաստանը դարձավ Կասպից ծովի հարստության հինգ հավակնորդներից միայն մեկը: Ռուսաստանն այլևս չէր կարող վստահորեն հավատալ, որ կարող է իր հայեցողությամբ տնօրինել այդ ռեսուրսները:

Խորհրդային Միության փլուզումից հետո Ելցինի նախնական դիրքն արտացոլում էր «արևմտամետների» կողմից առաջ քաշված ռուսական քաղաքական մտքի միշտ նվիրական, բայց երբեք մինչև վերջ հաջողակ գաղափարը. Ռուսաստանը ՝ արևմտյան աշխարհի պետություն, պետք է մաս կազմեր Արևմուտքի և պետք է հնարավորինս ընդօրինակեր Արևմուտքին իր զարգացման գործում: Այս տեսակետին աջակցում էին ինքը՝ Ելցինը և նրա արտգործնախարարը միանշանակ դատապարտելով ռուսական կայսերական ժառանգությունը: 1990-ի նոյեմբերի 19-ին Կիևում ելույթ ունենալով ու մտքեր հայտնելով, որ ուկրաինացիներն ու չեչենները հետագայում կարող են դուրս գալ նրա դեմ, Ելցինը պերճախոսորեն ասաց.

«Ռուսաստանը չի ձգտում դառնալ նոր կայսրության պես մի բանի կենտրոն ... Ռուսաստանը ավելի լավ է հասկանում նման դերի վնասակարությունը, քան մյուսները, քանի որ Ռուսաստանը երկար ժամանակ խաղում էր այդ դերը: 
Ի՞նչ տվեց նրան: Արդյո՞ք ռուսներն ավելի ազատ են դարձել: Ավելի հարու՞ստ: Ավելի ուրա՞խ: Պատմությունը մեզ սովորեցրել է, որ մի ժողովուրդ, որը ղեկավարում է այլ ազգեր, չի կարող երջանիկ լինել»:

Երբ Ռուսաստանը սպառնաց ստեղծել իր ռազմական բլոկը ՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, նա իրեն տվեց ցավոտ հարցը. «Ո՞ւմ հետ»: 

Եվ ես ստացա էլ ավելի ցավոտ պատասխան.

Առավելագույնը` Բելառուսի և Տաջիկստանի հետ:


Ամեն դեպքում, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը պատասխանեց ՆԱՏՕ-ին՝ ստեղծելով ՀԱՊԿ-ը: Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից:


Ամերիկայի համար Ռուսաստանը չափազանց թույլ է, որպեսզի լինի իր գործընկերը, բայց, ինչպես նախկինում, չափազանց ուժեղ է պարզապես հերթական պետություն լինելու համար:


Անկախ Ադրբեջանը կարող է միջանցք դառնալ Արևմուտքի համար ՝ Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի էներգետիկ հարուստ ավազան մուտք գործելու համար: Եվ հակառակը, ենթակա Ադրբեջանը կնշանակեր Կենտրոնական Ասիան արտաքին աշխարհից մեկուսացնելու հնարավորություն և քաղաքական խոցելիություն, եթե Ռուսաստանը ճնշում գործադրեր վերաինտեգրման համար:

Ռուսաստանի անդամակցությունը եվրոպական և տրանսատլանտյան կառույցներին և նույնիսկ նրանց որոշակի անդամակցության ձևը, իր հերթին,  կբացի դռները Անդրկովկասի երեք երկրների առջև՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար, որոնք հուսահատորեն ձգտում են անդամակցել Եվրոպային:


Այստեղ հեղինակի վերլուծությանն ուզում եմ ավելացնել իմ հարցադրումները, որոնք ծագում են 21-րդ դարի կարևորագույն իրադարձություններն ուսումնասիրելու արդյունքում.

Այո՛, թերևս Վրաստանի և Ադրբեջանի պարագայում մենք ներկայումս նկատում ենք մեծ հետաքրքրություն դեպի Եվրոպական միությունը և ՆԱՏՕ-ն, որը, ի դեպ, կարող է իրականանալ Թուրքիայի ստվերային աջակցության և կուլիսային պայմանավորվածությունների շնորհիվ, բայց 


  • արդյո՞ք Հայաստանին ձեռնտու է այդ կառույցներին անդամակցելը 

  • արդյո՞ք ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ցանկանում են իրենց կազմում տեսնել Հայաստանի նման անկայուն պետություն, որը իր սերտ հարաբերություններն ունի Ռուսաստանի հետ և համարվում է ՀԱՊԿ-ի անդամ պետություն:


«Եվրասիական Բալկանները», որոնք տեղակայված են անխուսափելի տրանսպորտային ցանցի երկու կողմերում, որոնք պետք է ավելի կանոնավոր ուղիղ գծով միացնեն Եվրասիայի ամենահարուստ շրջանները և Արևմուտքի առավել արդյունաբերական շրջանները Արևելքի ծայրահեղ կետերով, նույնպես կարևոր են աշխարհաքաղաքական տեսակետ: 

Իրավիճակը բնութագրվում է էլ ավելի մեծ անկայունությամբ `պայմանավորված այն հանգամանքով, որ տարածաշրջանը ոչ միայն իշխանության վակում է, այլև բնութագրվում է ներքին անկայունությամբ: 

Երկրներից յուրաքանչյուրը տառապում է ներքին լուրջ խնդիրներից: Նրանք բոլորն ունեն սահմաններ, որոնք կա՛մ հարևանների հետ վիճելու առարկա են, կա՛մ էթնիկ դժգոհությունների գոտիներ, նրանցից քչերն ազգային տեսակետից միատարր են, իսկ ոմանք արդեն ներգրավված են տարածքային, էթնիկական և կրոնական անկարգությունների մեջ:


«Եվրասիական Բալկանները» ներառում են ինը երկրներ, որոնք քիչ թե շատ համապատասխան են վերը նշված նկարագրությանը, ևս երկու երկիր պոտենցիալ թեկնածուներ են:

Այս ինը երկրները ներառում են Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան (որոնք ի դեպ նախկինում մաս են կազմել ԽՍՀՄ), ինչպես նաև Աֆղանստանը:

Թուրքիան և Իրանը հավանական թեկնածուներ են այս ցուցակում ընդգրկվելու համար: Երկու երկրներն էլ շատ ավելի կենսունակ են ՝ համեմատած մյուսների հետ ՝ քաղաքական և տնտեսական տեսանկյունից, երկուսն էլ ակտիվորեն պայքարում են «Եվրասիական Բալկաններում» տարածաշրջանային ազդեցության համար, ուստի այս տարածաշրջանում կարևոր ռազմավարական դերակատարներ են: Միևնույն ժամանակ, երկու երկրներն էլ պոտենցիալ խոցելի են ներքին էթնիկական բախումների տեսանկյունից: Եթե ​​դրանցից կամ երկուսում էլ իրավիճակի ապակայունացում լինի, ապա տարածաշրջանի ներքին խնդիրները կարող են դուրս գալ վերահսկողությունից, և տարածաշրջանում Ռուսաստանի գերիշխանությունը վերականգնելու ջանքերը կարող են նույնիսկ անօգուտ լինել:


Անդրկովկասի երեք պետությունների ՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մասին, կարելի է ասել, որ դրանք ստեղծվել են իսկապես պատմականորեն ձևավորված ազգերի հիման վրա: Արդյունքում, նրանց ազգայնականությունը ձգտում է և՛ բազմանալ, և՛ սաստկանալ, և արտաքին բախումները կարող են դառնալ նրանց բարեկեցության առանցքային խնդիրը: 


Հեղինակի այս խոսքերի ապացույցն են դառնում հետևյալ առանցքային իրադարձությունները՝

  • Վրաստանի և Ադրբեջանի հարաբերություններում գոյություն ունեցող հարցը՝ պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքները, որոնք ընթանում են 1996 թվականից ի վեր: 
  • 2008 թվականի ամռանը Անդրկովկասի երկրամասում տեղի ունեցած զինված հակամարտությունը Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության և վերջինիս ռազմական աջակցությունը վայելող Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների միջև։ 
  • 2016 թվականի քառօրյա պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
  • Այնուհետև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա արցախյան պատերազմը:

Ի տարբերություն դրա, Կենտրոնական Ասիայի հինգ նոր երկրները, ամենայն հավանականությամբ, կգտնվեն ազգի կառուցման փուլում, և նրանք դեռ ունեն ուժեղ ցեղային և էթնիկական տրամադրություններ ՝ հիմնական տարաձայնությունները դարձնելով ներքին պառակտումները: Եվ հենց այս տիպի պետություններում այդ խոցելի կողմերը կարող են օգտագործվել ավելի ուժեղ և իմպերիալիստ հարևանների կողմից:


«Եվրասիական Բալկանները» էթնիկորեն խճանկար են: Այս պետությունների սահմանները կամայականորեն նշվել են խորհրդային քարտեզագիրների կողմից 1920-1930-ականներին, երբ պաշտոնապես ստեղծվեցին խորհրդային հանրապետություններ: (Բացառություն է Աֆղանստանը, որը երբեք Խորհրդային Միության մաս չէր կազմում): Այս պետությունների սահմանները նշվում էին հիմնականում էթնիկական գծերով, բայց դրանք նաև արտացոլում էին Կրեմլի շահագրգռվածությունը ներքին տարաձայնությունները պահպանելու մեջ և, այդպիսով, հարավային շրջանի ավելի մեծ ենթակայությունը դեպի Ռուսական կայսրություն:

Ըստ այդմ, Մոսկվան մերժեց Կենտրոնական Ասիայի ազգայնականների առաջարկները Կենտրոնական Ասիայի տարբեր ժողովուրդների միավորումը հայտարարելու մասին մեկ քաղաքական սուբյեկտի մեջ, օրինակ ՝ Թուրքեստանում: Փոխարենը, նա նախընտրեց ստեղծել հինգ անկախ «հանրապետություններ», որոնցից յուրաքանչյուրն ունի նոր տարբերակիչ անուն և նուրբ սահմաններ: Հավանաբար, առաջնորդվելով նման հաշվարկներով, Կրեմլը հրաժարվեց Կովկասի միասնական ֆեդերացիա ստեղծելու ծրագրերից: Ուստի զարմանալի չէ, որ Խորհրդային Միության անկումից հետո Կովկասի երեք պետություններից ոչ մեկը և Կենտրոնական Ասիայի հինգ պետություններից ոչ մեկը լիովին պատրաստ չէր ընդունել նոր անկախ կարգավիճակ, ինչպես նաև մշակել անհրաժեշտ տարածաշրջանային համագործակցություն:


Կովկասում Հայաստանի 4 միլիոնից պակաս բնակչությունը և 8 միլիոնից ավել Ադրբեջանի բնակչությունն անմիջապես բաց պատերազմ սկսեցին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար (1988 - 1994 մայիսի 12), որը Ադրբեջանի տարածքում անկլավ է հիմնականում հայերով բնակեցված: Հակամարտությունը հանգեցրեց համատարած էթնիկական զտումների, երբ հարյուր հազարավոր փախստականներ և երկրից վտարված անձինք փախան տարբեր ուղղություններով: Հաշվի առնելով այն փաստը, որ հայերը քրիստոնյա են, իսկ ադրբեջանցիները ՝ մահմեդական, հակամարտությունն ունեցել է կրոնական երանգ: Տնտեսության համար աղետալի պատերազմը այս երկրների համար էլ ավելի դժվարացրեց ուժեղ անկախ պետություններ դառնալը: Հայաստանը ստիպված էր ավելի շատ հույսը դնել Ռուսաստանի վրա, որը նրան զգալի ռազմական օգնություն էր ցուցաբերում, մինչդեռ Հայաստանը կարող էր վճարել իր անկախության և ներքին կայունության համար Լեռնային Ղարաբաղի կորստով:


Եթե հեղինակը ողջ լիներ, ապա անպայման իր վերլուծության մեջ կանդրադառնար  21-րդ դարում, արդեն մեր օրերում, տեղի ունեցած դեպքերին, մանրակրկիտ ներկայացնելով՝ 2020 թվականին սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը, Հայաստանի և Ադրբեջանի համար դրա աղետալի հետևանքները, 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված պայմանագիրը, տարածաշրջանում տնտեսական կապերի բացումը, այս իրավիճակում Թուրքիայի համար ստեղծված նոր հնարավորությունները, և իհարկե, Արցախի հանրապետության տարածքում ռուսական խաղաղապահ զորամիավորումների տեղակայումը:


Եզրակացություն


Հարգելի ընթերցող, միանշանակ Զբիգնև Բժեզինսկի «Շախմատային մեծ տախտակը. ամերիկյան գերազանցությունը և նրա աշխարհառազմավարական հրամայականները» գիրքը ընթերցելը շատ ավելի մեծ տպավորություններ կթողնի քեզ վրա, քան իմ իրականացրած վերլուծությունը և առանձնացրած հատվածները, սակայն սա իմ փոքրիկ ներդրումն է մեր երկրում կայացող կամ քաղաքագիտական ոլորտում դեռևս առաջին քայլերը իրականացնող ուսանողների համար:

Ցավոք սրտի, այս գիրքը դեռևս հասանելի չէ հայ ընթերցողին մայրենի լեզվով, սակայն սա այն եզակի աշխատություններից մեկն է, որը ցանկացած կիրթ և կայացած քաղաքագետ, վերլուծաբան, դիվանագետ կամ քաղաքական գործիչ առնվազ մեկ անգամ պետք է ընթերցած լինի, իսկ հետագայում իր գործունեությունը ծավալելիս, յուրաքանչյուր օր, որպես դասագիրք ունենա իր սեղանին:




Նյութում հնչեցված կարծիքները պատկանում են հեղինակին, և շատ հաճախ կարող են չհամապատասխանել ACDC նախաձեռնության սահմանած հիմնարար արժեքներին և բուն դիրքորոշմանը:
ACDC վերլուծական կարիերայի զարգացման կենտրոն-նախաձեռնություն
Analytical Career Development Center

Комментарии

Популярные сообщения из этого блога

Պետությունների դիրքորոշումը արցախա - ադրբեջանական հակամարտության շուրջ

Հեղինակ՝ Մհեր Իսրայելյան /Ժողովրդավարությանն անցնելու և ժողովրդավորության կայացման խնդիրները/ գրքի վերլուծություն