Հնարավո՞ր է, որ Հայաստանը մոտակա 10 տարում դառնա ՆԱՏՕ֊ի անդամ պետություն

 Հնարավո՞ր է, որ Հայաստանը մոտակա 10 տարում դառնա ՆԱՏՕ֊ի անդամ պետություն


Ալբերտ Արսենյան

Պատասխանելու համար այն հարցին, թե արդյոք հնարավոր է Հայաստանի Հանրապետության անդամակցումը ՆԱՏՕ-ին, նախ և առաջ պետք է ուսումնասիրել, թե ինչ է իրենից ներկայացնում հետևյալ կազմակերպությունը, ինչով է այն զբաղվում, ու արդյոք անդամակցումը դաշինքին ավելի շատ կնպաստի թե կվնասի մեր պետությանը։

Ընդհանրապես ժամանակակից աշխարհում անվտանգությունը դարձել է բարդ համակարգ, և պետությունները իրենց անվտանգությունն ապահովում են ինչպես անհատական, այնպես էլ ռազմադաշինքային ձևաչափով։ Հայաստանը՝ հանդիսանալով նորաստեղծ պետություն և ունենալով կարճաժամկետ փորձ պետականության և դրա կառավարման, ամենատարբեր քայլերն է ձեռնարկել և ձեռնարկում պետությունը ընդգրկելու դաշինքային ձևաչափերում։ Այս համատեքստում իր կարևոր նշանակությունն ունի Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպությունը (ՀԱՊԿ)։ 

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: ՀԱՊԿ-ի գործունեությունը գալիս է հենց «հավաքական ինքնապաշտպանության» սկզբունքից, համաձայն որի՝ դաշինքի անդամ երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ ագրեսիայի ցանկացած դրսևորում (այդ թվում՝ ռազմական) դիտարկվում է որպես հարձակում ողջ դաշինքի վրա, հետևաբար դաշնակիցները պարտավորվում են հնարավոր բոլոր, այդ թվում ռազմական միջոցների ներգրավմամբ համատեղ քայլեր ձեռնարկել՝ հակադարձելու ընդհանուր սպառնալիքին:

 Թեև ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի պայմանագրերի կետերն ու հոդվածներն բովանադակային և իմաստային առումներով միմյանց շատ նման են, սակայն, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի անդամ երկրների պաշտպանության համակարգի գործառույթները գործարկվում են միայն այն դեպքում, երբ ագրեսիայի ենթարկված պետությունը օգնության խնդրանքով հանդես է գալիս դաշինքի մյուս անդամներին։ Այս հանգամանքը քաղաքական առումով որոշակիորեն ռիսկեր է իր մեջ կրում, գործնականում անարդյունավետ դեր ստանալով։ Մյուս կողմից սա ճկուն մեխանիզմ է, քանի որ կազմակերպության որոշ անդամներ առանձին դեպքերում կարող են չկատարել կազմակերպության իրենց դաշնակից համարվող մյուս անդամ երկրի նկատմամբ ստանձնած պարտավորությունները: Սակայն միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ ցանկացած երկիր վստահ է, որ իր նկատմամբ որևէ ոտնձգության դեպքում դաշինքը թե՜ քաղաքական, և թե՜ ռազմական առումով սատար կկանգնի իրեն։ Այդպես ՆԱՏՕ-ն գնում է անհրաժեշտ ռազմական օգնության, երբ անդամ երկրները իրենց անվտանգության հետ կապված մտահոգություն են հայտնում։

Այս ամենից զատ նաև պետք է արձանագրել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները երբեք զենք չեն վաճառում այնպիսի մի պետության, որը կարող է պատերազմել դաշինքի որևէ երկրի հետ։ Սակայն իրավիճակը այլ է ՀԱՊԿ-ում, որտեղ Հայաստանի ռազմական դաշնակիցներ Ռուսաստանն և Բելառուսը մեծ քանակությամբ զենք են վաճառում իրենց դաշնակից պետության՝ Հայաստանի, ռազմական թշնամի հանդիսացող պետությանը՝ Ադրբեջանին։

ՆԱՏՕ-ում որպես ռազմական օգնության օրինակ կարելի է հիշել, երբ Սիրիական բանակը պատահաբար ռմբակոծեց Թուրքիան, այդ ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները ոչ միայն կտրուկ հայտարարություններով հանդես եկան, այլ նաև հակաօդային ստորաբաժանումներ ուղարկեցին Թուրքիա։ Եվ այս վերջին օրինակից էլ կարիք է ստեղծվում ավելի խորը քննարկել Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ում։

ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների հաստատումը, խորացումը և ընդլայնումը մշտապես եղել են Թուրքիայի արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակներից մեկը։ Թուրքիան դաշինքին առաջիններից մեկը միացած երկրների ցանկում է։ Այն անդամակցել է ՆԱՏՕ-ին 1952թ․ փետրվարի 18-ին, այսինքն՝ դաշինքի ստեղծումից 3 տարի անց՝ դառնալով նրա միակ մահմեդական անդամը։ Թուրքիան անդամակցելով դաշինքին նշանակալի բաժին է ունեցել Սառը պատերազմում, ինչպես նաև բազում այլ պատերազմներում ու ռազմական գործողություններում։ Այստեղից էլ բխում է, որ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները ինչ որ չափով կարելի է դիտարկել երկու չախանիշներով՝ թուրքական և ռուսական։

Թուրքական չափանիշի գործոնները արդեն իսկ որոշակիորեն քննարկվեցին։ Պետք է նշել, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների տարբեր եզրափակիչ հռչակագրերում փոփոխություններ մտցնելու հայկական կողմի փորձերը սովորաբար դրական արդյունք չեն տվել, որի հիմնական պատճառը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմանակալությունն է եղել։ Հարկ է նշել, որ չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, սակայն փակ է պահում իր սահմանները ՆԱՏՕ-ի գործընկեր երկրի՝ Հայաստանի, հետ։ Ինչպես նաև ցուցաբերում է կողմնակալ դիրքորոշում Արցախյան հարցում։ Արցախյան հարցի հետ կախված հարկ է նաև նշել, որ ՆԱՏՕ-ն ոչ մի դեր չի խաղացել Արցախյան բանակցություններում, քանի որ դա եղել և մնում է ԵԱՀԿ Մինսկի համաժողովի գործունեությունը։

Իսկ ինչ վերաբերվում է ռուսական գործոնին, ապա պետք է ասել, որ այն ավելի մեծ պատճառ է հանդիսանում, որ Հայաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ առաջխաղացում չունենան։ Ռուսաստանի Դաշնությունը ՆԱՏՕ-ի հետ ունի հարաբերման իր սկզբունքները, ուստի է պարզ է, որ Ռուսաստանը ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում դրսևորում է իր անհանգստությունները։ Նշենք, որ եթե նախկինում ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունները ընթանում էին միայն գործնական ուղով և մտահոգվելու տեղիք չէին տալիս, ապա 2014թ․ ուկրաինական հեղափոխությունից ու Ղրիմի Ռուսաստանին միանալու փաստից հետո ՆԱՏՕ-ն հանդես եկավ ՌԴ-ի քայլերը դատապարտող կողմ, որից հետո այս երկուսի հարաբերություններն էլ ավելի սրվեցին։

Ինչպես Ռուսաստանի կառավարությունը, այնպես էլ ՆԱՏՕ-ն հասկանում է հարավովկասյան պետությունների կարևորությունը։ Այդ իսկ պատճառով էլ ՆԱՏՕ-ն ակտիվ գործակցություն է իրականացնում Հարավային Կովկասի երեք երկրների հետ։ Դաշինքի հետ համագործակցությունը կարևոր կլինի Հայաստանի ու մյուս երկու հարավկովկասյան երկների համար, քանի որ ՆԱՏՕ-ի նման գործունակ և հզոր կառույցի հետ լավ կապերի ձևավորումը բարեփոխումներ կստեղծի երկրների ռազմաքաղաքական ոլորտում։ 
ՆԱՏՕ-ն իր հերթին կարևորում է Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքն ահաբեկչության դեմ մղվող պայքարում, ինչպես նաև տարածաշրջանի տարանցման հնարավորություններն ու էներգետիկ պաշարները, ուստի շահագրգռված է տարածաշրջանի կանխատեսելի իրողություններով և քաղաքական կայունությամբ: Այս վերջին համատեքստից կարելի է հենց պատասխանել, որ եթե Հայաստանը չունենար վերոնշյալ հայ-թուրքական խնդիրները, չլինեին ռուսական ամբիցիաները, ապա ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի անդամակցումը հիմնականում Հայաստանի Հանրապետությանը օգուտ կբերեր, ներառյալ այն, որ անդամ երկրներից շատերը կցանկանային նպաստել Հայաստանի ու Թուրքիայի բարիդրացիական հարաբերությունների վերստեղծմանը։

 Բայց անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ ՆԱՏՕ-ի երկրների մեծ մասը աշխարհագրական առումով հեռու են գտնվում Հայաստանից, և տարածաշրջանում միակ ՆԱՏՕ անդամ երկիրը տվյալ պահին հենց Թուրքիան է։ Ինչպես նաև կարող ենք տեսնել, որ անդամ երկրների զգալի մասը, ճիշտ է լինելով քրիստոնյա, բայց ունի քաղաքակրթական որոշ տարբերություններ մեր պետությունից։ Այն ժամանակ, երբ ՀԱՊԿ-ի անդամ երկրները մոտ են Հայաստանին և՛ քաղաքակրթական առումով՝ բոլորը հանդիսանալով նախկին սովետական հանրապետություններ, և՛ աշխարհագրական առումով։

ՀՀ-ն ունի կնքած պայմանագիր ՀԱՊԿ անդամ երկրների հետ, ունի ռուսական ռազմաբազա իր երկրի ներսում, ռուս խաղապահներ իր երկրի ներսում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում 2020թ․-ից սկսած։ Ի դեպ 2011թ․-ին վերանայվել է ռուսական ռազմաբազայի մասին պայմանագիրը, և ռուսական զորքերի՝ ՀՀ-ում մնալու ժամկետը երկարաձգվել մինչև 2044թ․։ Բոլոր թվարկած կետերն էլ «պատճառ», «առիթ» կամ էլ «խոչընդոտ» են համարվում Հայաստանի Հանրապետության համար նոր միջազգային կապեր ստեղծելուն։ Դրա համար էլ մեր պետությունը դեռևս հստակորեն կմնա որպես Հյուսիս-Ատլանտյան դաշինքի ուղղակի գործընկերը, այլ ոչ թե կհայտնվի անդամ երկրների ցուցակում։


Սյուզաննա Սահակյան
Արդյոք Հայաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ պետություն, թե ոչ էականորեն կապված է մի քանի աշխարհաքաղաքական կարեւոր իրադարձությունների հետ, բայց մինչեւ այդ կարեւոր հանգամանքները քննարկելը եկեք հասկանանք, իսկ Հայաստանը ներկայումս ձգտում է միանալ այդ կառույցին, թե ոչ: 

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ Ն. Փաշինյանը օտարերկրյա լրագրողների հետ ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի կազմում է եւ չի ձգտում դեպի ՆԱՏՕ, բայց դաշինքի հետ հարաբերությունները ամեն դեպքում պահպանելու է: Եկեք փաստենք, որ ՆԱՏՕ-ի օրակարգում նույնպես չկա հարց Հայաստանը դարձնել անդամ պետություն:

ՆԱՏՕ-ին միանալը կլիներ բավականին դրական հայ-ամերիկյան հարաբերությունների համար, եւ անդառնալի բացասական հետեւանքներ կունենար հայ-ռուսական հարաբերությունների վրա: Մոտակա 10, նույնիսկ 15 տարում, կարծում եմ, Հայաստանը դժվար թե կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին: Հաշվի առնելով ՆԱՏՕ-ի կանոնադրության մի քանի առանցքային կետեր, Հայաստանը ո՛չ իր տնտեսության զարգացվածության մակարդակով, ո՛չ հարեւան պետությունների հետ հարաբերությունների տեսանկյունից եւ ո՛չ էլ իր զինված ուժերի պատրաստվածության մակարդակով եւ թվաքանակով չի համապատասխանում կառույցի պահանջներին:

ՆԱՏՕ-ն 27 եվրոպական եւ 2 հյուսիսամերիկյան երկրների միասնական ռազմական դաշինք է, որը միասին ձեւավորում է կոլեկտիվ պաշտպանական միասնական համակարգ: ՆԱՏՕ-ի ընդլայնումը կարգավորվում է կազմակերպության կանոնադրության 10-րդ հոդվածով, որը հստակ սահմանում է, որ հետագա տարիներին դաշինքի անդամ կարող են դառնալ միայն ԵՄ անդամ պետություններ: Միանալու պատրաստակամություն հայտնող պետությունները պետք է ունենան բազմակուսակցական համակարգ եւ ռազմական տեսանկյունից պետք է համապատասխանեն որոշակի պահանջների: 

ՆԱՏՕ-ի անդամ վերջին պետությունը Չեռնոգորիան է, որ դաշինքին միացել 2017թ-ի հունիսի 5-ին: 2018թ-ին ՆԱՏՕ-ն, որպես թեկնածու անդամներ տեսնում է Բոսնիա եւ Հերցեգովինան, Վրաստանը, Մակեդոնիայի Հանրապետությունը, Ուկրանիան: 

ՆԱՏՕ-ն անդամակցության համար առաջ է քաշում 2 հիմնական սահմանափակում՝ 

1. կազմակերպության անդամ կարող են դառնալ միայն եւ միայն ԵՄ անդամ պետությունները 
2. լիարժեք անդամակցության համար անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համաձայնությունը: 

Այս պարագայում, պետք է հաշվի առնել թուրքական գործոնը, քանի որ եթե ՀՀ նույնիսկ կարողանա դառնալ ԵՄ անդամ կամ իր ԶՈՒ տեսանկյունից համապատասխանի չափանիշներին, ապա Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն ուղղակի թույլ չի տա մեր մուտքը այդ դաշինք, ինչպես օրինակ հիմա Կիպրոսի Հանրապետության դեպքում է: 

2016 թ. Շտեֆեն Էլգերսման հայտարարեց, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանը ՆԱՏՕ-ին չանդամակցող ամենաակտիվ գործընկերներից է: Հայաստանը ՆԱՏՕ-ից ռազմական կրթության վերաբերյալ խորհրդատվություն է ստանում, ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամի միջոցով ՀՀ ԶՈՒ ոչ պիտանի ռազմական տեխնիկայի ոչնչացումն է իրականացվում: 1992թ. Հայաստանը դարձավ ՆԱՏՕ-ի համագործակցության խորհրդի անդամ: 1994թ. Գործընկերություն հանուն խաղաղության խորհրդի անդամ է: Ընդգծենք նաեւ, որ այս երկու խորհրդներին նաեւ Ռուսաստանն է անդամակցում: 
Այո՛, Հայաստանը ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, բայց միայն այն բոլոր բնագավառներում, որոնք չեն սպառնում Ռուսաստանի հետ հարաբերություններին:
 
Այնուամենայնիվ, եթե մի օր Հայաստանում գան այնպիսի իշխանություններ, որոնք որոշեն դուրս գալ ՀԱՊԿ-ից, ապա ի՞նչ կստացվի. 
Հայաստանը կկորցնի իր ռազմավարական գործընկերոջը՝ Ռուսաստանին, ստիպված կլինենք ռազմամթերքի ձեռքբերման նոր շուկաներ փնտրել, ՆԱՏՕ-ին միանալու համար հույսեր կապել Արեւմուտքի հետ, եւ փափագել օրերից մի օր ԵՄ-ին միանալու մասին, Գյումրի քաղաքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան ստիպված կլինենք հանել, Երեւանի Էրեբունի օդանավակայանում 3624-րդ ռուսական ռազմա-օդային բազան նույնպես: Բացի այդ, դրա արդյունքում մենք վերջնականապես կկորցնենք Արցախի հետ կապը: 

Ռուսաստանը այս տարածաշրջանում միակ պետությունն է, որի քաղաքական շահը համընկնում է մեր ազգային շահի հետ: Մենք պետք է հասկանանք, որ հայաստանյան ներկայիս իրավիճակում Ռուսաստանն է մեր անվտանգության երաշխավորը, մինչեւ կարողանանք վերականգնել մեր ԶՈՒ-ը: 
Պետք է ընդունել, որ մեզ նման փոքր պետությունը չունի որեւէ բան առաջարկելու գերտերություններին կամ ԵՄ անդամ պետություններին, թերեւս բացի իր տարածքը բեռնափոխադրումների եւ առեւտրային կապեր հաստատելու համար տրամադրելուց: Իսկ այս կամ այն երկրի դրական արձագանքները կամ մտահոգության խոսքերը անմիջական կապ ունեն Ռուսաստանի հետ տվյալ երկրների հարաբերությունների հետ, կարելի է ասել Հայաստանը Ռուսաստանի համար պատնեշի նման մի բան է, ինչպես Արցախն էր Հայաստանի համար կամ հիմա Սյունիքը: Իսկ եթե ռուս-թուրքական հարաբերությունները էլ ավելի վատացան, ապա Հայաստանի տարածքը, Սիրիայի նման կդառնա հարաբերությունները պարզելու, խնդիրները լուծելու կամ ուժերի ցուցադրման հարթակ:

Անուշ Կիրակոսյան

Այս հարցին պատասխանելու համար, կարծում ենք, անհրաժեշտ է հաշվի առնել, որ պատմության ընթացքում եկել է մի ժամանակաշրջան, որը ՌԴ դերը տարածաշրջանում դարձրել է էականորեն որոշիչ` հատկապես Հայաստանի Հանրապետության համար: Հարկավոր է դաշնակիցների հետ վարել արժանապատիվ, խելամիտ քաղաքականություն, և հնարավորության դեպքում բարելավել ստեղծված իրադրությունը` այն վատթարացնելու և բարդացնելու փոխարեն: Այս պահի դրությամբ իրավիճակն այնպես է զարգանում, որ ՌԴ-ն այլևս ուղղակի դաշնակից չէ համարվում, այլ մեր անվտանգության գլխավոր ու միակ երաշխիքը, ուստի` վերջինիս հետ մեր կապերը ամրապնդելու մեծ անհրաժեշտություն ենք տեսնում: Հետևաբար ՀՀ մուտքը ՆԱՏՕ այդքան էլ շահավետ չի համարվում հենց ՀՀ համար:


Մհեր Իսրայելյան

ՆԱՏՕ-ին անդամակցության համար Հայաստանը պետք է համապատասխանի դաշինքի չափանիշներին, ինչպես նաև մեր ծառայությունները առաջարկենք հենց ԱՄՆ-ին, այնպես որ հետաքրքրություն առաջացնենք: Անհրաժեշտ չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք բարեփոխումներ՝ ժողովրդավարության ամրապնդում, ինստիտուտների արդիականացում, կոռուպցիայի դեմ պայքար: Այս բարեփոխումները իրականացնելու համար ՆԱՏՕ-ն տրամադրում համապատասխան աջակցություն:

Իսկ ինչ վերաբերում է առաջիկա 10 տարիների ընթացքում Հայաստանի անդամակցությանը, իմ կարծիքով հնարավոր է, եթե իրականացվի հստակ գործողություններ:

Այսօրվա դրությամբ ՀՀ կարծում եմ չունի այլընտրանք և պետք է սկսի բանակցություններ արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու համար: Դա նաև զսպող ուժ կհանդիսանա Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններում (ինչպես եղավ Հունաստանի դեպքում): Այս գործընթացը կարող ենք իրականացնել հարևան երկրներից Վրաստանի հետ կոալիցիա կազմելով և ԵՄ-ի հետ կապը ավելի ամրապնդելով:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, իմ կարծիքով ինքնիշխան Հայաստանի ապագան վտանգված է Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու կամ ներկա դաշնակցական պայմանագրերի շարունակման դեպքում, քանի որ Ռուսաստանը վաղ թե ուշ հեռանալու է Կովկասից:

Մարիամ Նանյան

ՆԱՏՕ-ի տերմինի ներքո վերջինիս կիրառումն ընդգրկում է Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների իրավաբանական դաշինքը, ինչպես նաև վերջինիս նպատակներն իրագործելու նպատակով քաղաքացիական և ռազմական կազմակերպությունների հիմնադրումը։

ՆԱՏՕ-ն հանձնառու է պաշտպանել իր անդամ-երկրներին՝ քաղաքական եւ ռազմական միջոցներով: Այն խրախուսում է խորհրդատվությունը եւ համագործակցությունը ՆԱՏՕ-ի ոչ-անդամ պետությունների հետ անվտանգությանն առնչվող լայն հարցերի շրջանակում, ինչպիսիք են, օրինակ, պաշտպանական բարեփոխումները եւ խաղաղապահությունը: Քննարկումների եւ գործընկերության միջոցով, ՆԱՏՕ-ն իր ներդրումն է բերում հակամարտությունների կանխարգելման գործում թե անդամ երկրներում, թե դրանց սահմաններից դուրս։

ՆԱՏՕ-ի անդամ յուրաքանչյուր պետություն ունի իր մշտական պատվիրակությունը Դաշինքի կենտրոնակայանում՝ Բրյուսելում: Պատվիրակությունը ղեկավարում է դեսպանը: Հյուսիս-Ատլանտյան խորհուրդն ամենակարեւոր քաղաքական որոշումները կայացնող մարմինն է կազմակերպության ներսում: Այն նախագահում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, որն օգնում է անդամ երկրներին համաձայնության հասնել տարբեր առանցքային հարցերի շուրջ։ Հայաստան - ՆԱՏՕ հարաբերությունները սկսվել են դեռեւս 1992թ.-ին, երբ Հայաստանն անդամակցեց Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին: Հայաստանը նաեւ ակտով գործունեություն է ծավալել ՆԱՏՕ-ի՝ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ծրագրերում եւ խաղաղապահ առաքելություններում։ 

Դաշինքին անդամակցում են 30 խոշոր երկրներ որոնցից են ԱՄՆ, Թուրքիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, որոնք այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն Ռուսաստանի հետ հետեւավաբար Ռուսաստանը կարող է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Բացի դա Հայաստանը չունի այդքան ներուժ որպիսի անդամակցի այդպիսի հզոր կազմակերպությանը, որի անդամներից շատերը գերտերություններ էին։ Ինչպես գիտենք ի տարբերություն մնացած կառույցների ՆԱՏՕ-ն չունի սեփական բանակ եւ կարիքը լինելու դեպքում զորք են պարտավորվում տրամադրել անդամ երկրները, որը Հայաստանը ևս կդժվարանար անել: Հայաստանը կարծում եմ՝ լինելով փոքր եւ թույլ երկիր դեռ շանսեր չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու, բացի դա նրան խանգարող երկրներից են Ռուսաստանը, որովհետեւ Հայաստանը անդամակցելով ՆԱՏՕ-ին կնշանակի դուրս գալ Ռուսաստանի վերահսկողության տակից, նաեւ Ֆինանսական եւ տնտեսական զարգացման ցածր մակարդակը, Թուրքիայի հետ հարաբերությունները, տարածքային կոնֆլիկտը Ադրբեջանի հետ, եւ հետպատերազմյան ծանր վիճակը ինքնին խանգարող հանգամանքներ են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:
 

Մելանյա Սարիբեկյան

ՆԱՏՕ-ի կոմիտեներից յուրաքանչյուրում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով: «ՆԱՏՕ-ի որոշում» ասվածն արտահայտում է բոլոր անդամների հավաքական կամքը: ՆԱՏՕ-ն իր ենթակայության տակ ունի փոքրաթիվ մշտական ուժեր: Երբ Հյուսիս - Ատլանտյան խորհուրդը համաձայնում է գործողություն սկսել, անդամ երկրներն ուժեր են տրամադրում կամավորության սկզբունքով: Առաքելությունն ավարտելուն պես, ուժերը վերադառնում են իրենց երկրներ: Ռազմական հրամանատարության դերն է համակարգել եւ իրականացնել այդ գործողությունները:

 Այս կառույցը բաղկացած է կենտրոնակայանից եւ անդամ երկրներում տեղակայված կայաններից: ՆԱՏՕ-ի առօրյա գործունեությունը, քաղաքացիական եւ ռազմական կառույցները եւ անվտանգության ծրագրերը ֆինանսավորվում են ընդհանուր բյուջեից, որին անդամ երկրները ներդրում են կատարում ծախսերը կիսելու նախապես համաձայնեցված բանաձեւով: Այն առաջ է մղում ժողովրդավարական արժեքները եւ հանձնառու է խնդիրների խաղաղ կարգավորմանը: Եթե դիվանագիտական ջանքերը ձախողվում են, դաշինքն ունի ռազմական կարողություն, որն անհրաժեշտ է ճգնաժամերի կառավարման եւ խաղաղապահության համար:

Ըստ ՆԱՏՕ-ի կանոնադրության գոյություն ունի մի կետ ըստ որի եթե անդամ երկներից անգամ մեկը համաձայն չէ անդամակցող երկրի անդամակցությանը, ապա այդ երկիրը չի կարող դառնալ անդամ: Հայաստանի դեպքում կարող ենք ասել որ ըստ վերոնշյալ կանոնադրության Թուրքիան կարող է խոչնդոտ հանդիսանալ Հայաստանի համար:

Ըստ ՆԱՏՕ-ի վարած քաղաքականության, ՆԱՏՕ-ն ցանկանում է կանխել Ռուսաստանի առաջխաղացումը արևելքում, իսկ Հայաստանը համարվում է Ռուսաստանի դաշնակից երկիր, որն էլ պաճառ է հանդիսանում որ առանց Ռուսաստանի «համաձայնության» Հայաստանը չի կարող անդամակցել:

Ըստ ՆԱՏՕ-ի կանոնադրության՝ անդամակցվող երկրներից յուրաքանչյուրը պարտավորվում է զորք տրամադրել մյուսին, եթե դրա կարիքը կա, սա ևս մի պատճառ է որ Հայաստանը չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի որ չի կարող համարժեք զորք տրամադրել անդամ երկրներին:

Ըստ ՆԱՏՕ-ի անդամակցող երկրները, քաղաքացիական, ռազմական կառույցները եւ անվտանգության ծրագրերը ֆինանսավորվում են ընդհանուր բյուջեից, որին անդամ երկրները ներդրում են կատարում ծախսերը կիսելու նախապես համաձայնեցված բանաձեւով: Հաշվի առնելուվ Հայաստանի վերջին տարիների արտաքին պարտքի չափը սա ևս պատճառ կարող է հանդիսանալ Հայաստանիի՝  ՆԱՏՕ-ին չանդամակցելուն:

Ամալյա Առաքելյան

Հայաստանը և ՆԱՏՕ-ն ակտիվորեն համագործակցում են ժողովրդավարական, ինստիտուցիոնալ և ռազմական բարեփոխումների հարցերում, իսկ գործնական հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում՝ խաղաղապահ առաքելությունները:

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանին բարեփոխումների սեփական նպատակներին հասնելու գործում` նպատակային խորհրդատվության եւ օգնություն տրամադրման միջոցով: Հայաստան - ՆԱՏՕ հարաբերությունները սկսվել են դեռեւս 1992թ.-ին, երբ Հայաստանն անդամակցեց Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին (որը 1997թ.-ին վերանվանվեց Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի` ԵԱԳԾ):

Հայաստանը ցանկանում է խորացնել ՆԱՏՕ-ի հետ գործնական եւ քաղաքական համագործակցությունը։ Սակայն չմոռանանք, որ Հայաստանը հանդիսանում է նաև ՀԱՊԿ անդամ։ Որոշակի վտանգ կա թե ՆԱՏՕ-ի, և թե ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից։ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության վտանգը նրանում է, որ դաշինքի որոշ անդամ երկրներ, մասնավորապես՝ Թուրքիան և Ռումինիան, ակտիվորեն աջակցում են Ադրբեջանին։ Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, դա կապված է Ռուսաստանի հետ, քանի որ այդ երկիրը ռազմաքաղաքական ոլորտում ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի հետ։ 
Ամփոփելով, նկատենք, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում Հայաստանը անկախությունից ի վեր լուրջ առաջընթաց է արձանագրել։ Սակայն պարզ է, որ խոսել ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամագրվելու մասին, դեռևս վաղ է։

Լիլիթ Մովսիսյան

Հայաստանի առաջիկա 10 տարում ՆԱՏՕ-ի անդամ պետություն դառնալու հնարավորութունը կարելի է բացառել մի քանի պատճառով՝

1. Հայաստանը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ:
Չնայած այն փաստին, որ Հայաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության, ինչպես նաև նրա անդամ գործընկեր պետությունների հետ համագործակցում է,  «Գործընկերություն հանուն խաղաղության», «Անահտական գործընկերության» ծրագրին և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ երկկողմ ռազմավարական համագործակցության ծրագրեր է իրականացնում, այնուամենայնիվ հանդիսանում է ՀԱՊԿ անդամ երկիր:
Բոլորին պարզ էր, որ ՆԱՏՕ-ն ձևավորվեց ԽՍՀՄ-ից Արևմտյան Եվրոպան պաշտպանելու համար:
1954 թ. մարտի 31-ին Խորհրդային Միությունը պաշտոնապես դիմեց այդ կառույցին անդամակցելու համար, սակայն ՆԱՏՕ-ի կողմից մերժում ստացավ: Հիմնական խոչընդոտը համարվում էր կոմունիստական ռեժիմը: Դրանից հետո միայն ԽՍՀՄ-ը ձևավորեց այլընտրանքային «Վարշավյան պայմանագրի կազմակերպությունը» (1955 թ. մայիսի 14): ԽՍՀՄ փլուզումից հետո փաստացիորեն մերժված Մոսկվայի առանցքային նպատակներից մեկն էր թույլ չտալ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք: Այնուհանդերձ 1991 թվականից Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ևս հատուկ հարաբերություններ հաստատվեցին: 1994 թվականից Ռուսաստանի Դաշնությունը մասնակից դարձավ ՆԱՏՕ-ի գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին, որին նույն թվականից մասնակից է նաև Հայաստանը: 2002 թ. ստեղծվեց Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը համագործակցությունը մի շարք ուղղություններով՝ ահաբեկչության դեմ պայքարից մինչև ռազմական համագործակցություն: 
Դեռ 2000 թվականի հունիսին, Վլադիմիր Պուտինը առաջարկել էր ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնին, որ Ռուսաստանը ևս դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Ըստ երևույթին այդ պահին Վաշինգտոնը բնավ չէր ցանկանում Ռուսաստանին տեսնել իր դաշնակիցների թվում, ինչը հստակ հասկացրեց Ռուսաստանին: 

Չնայած այն բանին, որ հայաստանը ձգտում է բազմաշերտ դաշնակցության կարծում եմ, որ ռազմական անվտանգությունը կոմպլեմենտարություն չի ճանաչում, և որ պետք է լինել անվտանգության համակարգերից որևէ մեկում, և որ ակնհայտ է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացումը հակասում է Ռուսաստանի հետ մեր համագործակցությանն ու ՀԱՊԿ-ին անդամագրմանը:

2. ՆԱՏՕ-ի անդամ պետություն դառնալու համար անհրաժեշտ է համապատասխանել որոշ պայմանների:
ՆԱՏՕ-ն անդամակցության համար առաջ է քաշում երկու հիմնական սահմանափակումներ։ Առաջին՝ կազմակերպության անդամ կարող են դառնալ միայն և միայն եվրոպական պետությունները: Հայաստանը 2001թ. Հունվարի 25-ից Եվրոխորհրդի անդամ է, սակայն ոչ Եվրամիության: Եվ երկրորդ՝ լիարժեք անդամակցության համար անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համաձայնությունը։ Անհրաժեշտ է նշել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է և նրա կողմից ևս անհրաժեշտ է համաձայնություն ստանալ: Այստեղ ամենայն հավանականությամբ Թուրքիան առաջ է քաշելու Հայաստանի կողմից հայոց ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու պահանջը:

3. Պահանջների մեջ է մտնում նաև ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան զինված ուժեր ունենալը:
Հայաստանը ներկայումս գտնվում է ներքաղաքական և արտաքին քաղաքական բարդ ճգնաժամային իրավիճակում:
Նախ և առաջ Հայաստանը լուրջ տարածքային խնդիրներ ունի Ադրբեջանի Հանրապետության հետ: 2020թ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Հայաստանը պարտություն կրեց և ստորագրեց կապիտուլացիոն փաստաթուղթ: Սակայն ես չեմ համարում պատերազմը դադարեցված: Ունենք ցեղասպանության պահանջատիրության հարց Թուրքիայի հետ: Որոշակի լարվածություն է նկատվում ՌԴ-ի հետ հարաբերություններում:
Բավականին լուրջ են ներքաղաղաքական խնդիրները: Հանդիսանալով հեղափոխված երկիր նախ և առաջ պետք է վստահություն ձեռք բերենք միջազգային հարթակներում և ունենանք հստակ ռազմավարություն թե´ արտաքին, թե´ ներքին քաղաքականությունում, սակայն պատերազմում պարտություն կրելու հետևանքով երկրում դժգոհությունների ալիք է բարձրացել ինչի հետևանքով Հայաստանը պատրաստվում է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Կարծում եմ՝ յուրաքանչյուր երկիրը պետք է նախ և առաջ հաստատի ներքին կայունություն որևէ կազմակերպության մեջ ներգրավվելու համար: Սրանք  լուրջ խնդիրներ են որոնց լուծումները բավականին ժամանակ և ջանքեր են պահանջում:





Սույն նյութերը հավաքագրվել են ACDC նախաձեռնության անդամների կողմից՝ օգտվելով մի շարք հոդվածներից, վերլուծություններից և տեղեկատվական կայքերից: Սակայն նյութերում հնչեցված կարծիքները պատկանում են թիմի անդամներին, և շատ հաճախ կարող են չհամապատասխանել ACDC նախաձեռնության սահմանած հիմնական արժեքներին և բուն դիրքորոշմանը:


ACDC վերլուծական կարիերայի զարգացման կենտրոն-նախաձեռնություն
Analytical Career Development Center

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հեղինակ՝ Սյուզաննա Սահակյան / «Շախմատային մեծ տախտակը» / գրքի վերլուծություն

Հեղինակ՝ Մհեր Իսրայելյան /Ժողովրդավարությանն անցնելու և ժողովրդավորության կայացման խնդիրները/ գրքի վերլուծություն

Պետությունների դիրքորոշումը արցախա - ադրբեջանական հակամարտության շուրջ